«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Այնուամենայնիվ, կկարողանանք հաղթահարել մեզ բաժին ընկած դժվարություններն այս բարդ, ճգնաժամային փուլում»

«Այնուամենայնիվ, կկարողանանք հաղթահարել մեզ բաժին ընկած դժվարություններն այս բարդ, ճգնաժամային փուլում»
26.12.2008 | 00:00

«ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՃՇԳՐԻՏ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է, ՔԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ»
«Իրավունքը de facto»-ի հյուրն է աստղագուշակ, հոգեբան և արվեստագիտության թեկնածու ԶԱՐՈՒՀԻ ՄԵԼՈՅԱՆԸ
-Տիկին Մելոյան, աստղագուշակությունն ամենահին գիտություններից մեկն է։ Պատմությունից գիտենք, որ աստղագուշակները զբաղվել են ոչ միայն առանձին անձանց, այլև պետությունների, երկրների ճակատագրերի կանխատեսումով։ Իշխանավորները հետևել են նրանց խորհուրդներին` փորձելով խուսափել բացասական զարգացումներից։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։
-Աստղագուշակության ճյուղերից մեկը մունդաննական աստղագուշակությունն է։ Այն ընդգրկում է երկրների, ժողովուրդների և քաղաքական գործընթացների վերաբերյալ հորոսկոպների կազմումը։ Բայց շատ աստղագուշակներ խուսափում են այդ ոլորտներով զբաղվելուց, քանի որ դա հաճախ վտանգավոր է։ Բերեմ օրինակ. 16-րդ դարում խոշորագույն աստղագուշակ Վիլյամ Լիլին կանխագուշակեց Լոնդոնի հրդեհը։ Եվ երբ դա, իսկապես, տեղի ունեցավ, նրան ձերբակալեցին, երկար հարցաքննեցին և մեծ դժվարությամբ ազատ արձակեցին։ Դրանից հետո երկար ժամանակ նրան կասկածում էին քաղաքը հրդեհելու մեջ։
Բայց, այնուհանդերձ, և՛ վաղեմի ժամանակներում, և՛ մեր օրերում, ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում, իշխանությունը միշտ էլ ակտիվորեն օգտագործել է աստղագուշակների կանխագուշակությունները։ Հայտնի են խոշորագույն աստղագուշակների այնպիսի անուններ, ինչպիսիք էին Արևելքում Աբու Ռելհան ալ Գիրունին, Արևմուտքում` Վիլյամ Լիլին, Ջոն Դին, որը ծառայում էր Ելիզավետա թագուհուն, և շատ ուրիշներ։ Աստղագուշակները գործունեություն էին ծավալում գործնականում բոլոր իշխանավորների մոտ։ Հայտնի է, որ Հիտլերը և Չերչիլն օգտվել են նրանց ծառայություններից։ Վերջին շրջանում հայտնի դարձավ, որ Լեոնիդ Բրեժնևը նույնպես չէր խուսափում ռուսական նորագույն աստղագուշակության հիմնադիր Վռոնսկու կանխագուշակություններից օգտվելուց։ Պակաս հետաքրքիր փաստ չէ այն, որ 1974 թվականից սկսած` ԽՍՀՄ-ում գործել է աստղագուշակների խումբ, որն աշխատում էր ռազմական և տիեզերական ուսումնասիրությունների ոլորտներում, թեպետ գործնականում այդ աշխատանքը երբեք չի լուսաբանվել, և այդ մասին հայտնի դարձավ միայն հետագայում։ Նկատենք նաև, որ աստղագուշակությունը, իմ կարծիքով, ավելի ճշգրիտ գիտություն է, քան այն գիտությունները, որոնք զբաղված են սոցիումներով և մարդկանցով` սոցիոլոգիան, հոգեբանությունը և այլն։ Ստուգված է նաև, որ արդյունքների կրկնությունն աստղագուշակության մեջ շատ ավելի հաճախակի է, պարզապես այդ գիտության մեջ շատ կարևոր են աստղագուշակի վարպետությունը և պրոֆեսիոնալիզմը։ Այդ գիտությունը շատ խոցելի է շառլատանների կողմից շահագործված լինելու առումով։
-Հայաստանում այդպիսի աստղագուշակությամբ գործնականում զբաղվո՞ւմ են։
-Ոչ, այդ ուղղությամբ մասնագիտորեն ոչ ոք չի զբաղվում։ Թեկուզև ինձ և իմ գործընկերների մեծամասնությանը հաճախ դիմում են քաղաքական գործիչներն ու իշխանության ներկայացուցիչները։ Բայց նրանք խնդրում են կազմել անձնական հորոսկոպներ, որոնք վերաբերում են իրենց կարիերայի հեռանկարին, բայց ոչ երկրին։
-Վերջերս նշվեց հայկական դրամի հիմնադրման 15-ամյակը, և վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ Դուք ժամանակին կանխագուշակություն եք արել հայկական արժույթի հետ կապված։ Նա ի՞նչ նկատի ուներ։
-Դա հին պատմություն է, և ես նույնիսկ զարմացա, որ վարչապետը հիշեց այդ մասին։ Երբ շրջանառության մեջ էր մտնում հայկական դրամը, ես զանգահարեցի Տիգրան Սարգսյանին, թեպետ այն ժամանակ մենք ծանոթ չէինք և ճշգրտեցի կոնկրետ ժամանակահատվածը, թե երբ է այն պաշտոնապես մտնելու շրջանառության մեջ։ Կազմեցի հորոսկոպ, որը պահպանել եմ մինչ օրս։ Որոշ ժամանակ անց ռադիոյով լսեցի խորհրդարանական քննարկումները դրամի վերաբերյալ։ Հիմնականում բոլոր կարծիքները խիստ բացասական էին։ Խոսվում էր արժույթի թուլության մասին, որ ելք չկա, և որ Ռուսաստանը մեզ դուրս կմղի ռուբլու գոտուց։ Մի խոսքով, բուռն քննարկում էր, մինչդեռ իմ կազմած հորոսկոպը դրական էր։ Այդ քննարկումներից հետո, ես զանգահարեցի Տիգրան Սարգսյանին և ասացի, որ դրամին ոչինչ չի սպառնում։ Այդ հորոսկոպը շատ հետաքրքիր է։ Այն ամենը, ինչը կարելի է համարել փողի հիմք, այդ զոնան ամբողջությամբ դատարկ է, բայց դրամը շատ բարձր է կանգնած և շատ ուժեղ է։ Այսինքն, եթե այդպիսի հորոսկոպը վերաբերեր մարդուն, ես կասեի, որ, հիմքեր չունենալով, նա կարիերա է անում։ Իհարկե, կարող են լինել տատանումներ, բայց ընդհանուր առմամբ դրամի հորոսկոպը լավն է։
-Ես գիտեմ, որ Դուք զբաղվել եք մունդաննական աստղագուշակությամբ։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության հորոսկոպը։
-Ես կազմել եմ երկրի հորոսկոպը և ամեն տարի կազմում եմ հորոսկոպ նաև տվյալ տարվա համար։ Սա զուտ ճանաչողական նշանակություն ունի և բխում է միայն գիտական հետաքրքրությունից։ Հորոսկոպը կազմել եմ անկախության հռչակման ժամանակ, այսինքն` 1991 թվականին, սեպտեմբերի 21-ի համար, ճիշտ այն ժամին, երբ հեռուստատեսությամբ հայտարարվեցին հանրաքվեի արդյունքները։ Երկրների համար հորոսկոպ կազմելիս իբրև ծննդյան ժամկետ վերցվում է պետության հռչակման պահը։ Ի դեպ, այդ հորոսկոպը հրապարակվել է Համաշխարհային հորոսկոպների գրքում, որի հեղինակն ամերիկացի է, բայց գոյություն ունի գրքի ռուսերեն թարգմանությունը։
Անկեղծ ասած, հորոսկոպն ինձ ամենևին դուր չի գալիս։ Եվ բանը միայն այն չէ, որ իրավիճակն այդ տարի բավական բարդ էր, այլև, ցավոք, այն ժամանակվանից գործարկված ժամացույցն աշխատում է անընդհատ, ինչն իրականում նշանակում է, որ մեր երկրի քաղաքացիների կյանքը հեշտ չի լինելու։ Եթե անդրադառնանք փաստերին, ապա առաջին հերթին պետք է նշել, որ 1991 թ. սեպտեմբերի 21-ին «Արևը» մեր երկրի համար գտնվում էր երկու նշանների միջև` «Կույսի» նշանից այն անցնում էր դեպի «Կշեռքի» նշանը։ Դա աստղագուշակի երկու նշանների հատման կետն է։ Ավելին, մունդաննական աստղագուշակության մեջ «Արևը» նշանակում է և՛ պետության ղեկավար, և՛ բարձրագույն իշխանություն։ «Արևը» «Կույսի» նշանում ինքնին բավական թույլ նշան է, բայց «Կշեռքի» առկայության հետ ավելի է թուլանում։ Նշանակում է, որ իշխանության է գալիս ոչ այնքան ուժեղ, միջին կարողություններ ունեցող մարդ, բայց նրա դրությունը կտրուկ թուլանում է։ Մինչդեռ դա նրա հորոսկոպը չէ, այլ երկրի։ Եթե երկրի ծնունդը տեղի ունենար մի քանի օր առաջ կամ հետո, կարելի էր կանխատեսել ավելի կայուն կառավարում։
-Եվ այդ հետահայացը տարածվում է ողջ երկրի վրա՞։
-Անկասկած, դա չի առնչվում անձին։ Ընդհակառակը, անձն է տեղավորվում այդ հորոսկոպի շրջանակում։ Բացի այդ, մենք երկիրը հիմնադրեցինք անմիջապես լիալուսնից առաջ։ Հորոսկոպում «Լուսինը» խորհրդանշում է լայն ժողովրդական զանգվածները, իսկ մեր պարագայում նա կանգնած էր «Արևի» դեմ, ինչն աստղագուշակության տեսանկյունից ենթադրում է ընդդիմություն։ Դա նշանակում է, որ ով էլ գա իշխանության, ժողովուրդը միշտ դեմ է լինելու, և ոչ մի ղեկավար դուր չի գալու մեր ժողովրդին։ Նա կարող է դուր գալ մինչև նախագահ դառնալը, այնուհետև ինքն էլ կընդգրկվի հորոսկոպի դաշտում։ Այս ամենը հանրագումարում հանգեցնում է մշտական անկայունության։ Մեր ճակատագիրը կախված կլինի արտաքին ազդեցություններից, որոնք մեր վերահսկողության ներքո չեն։
Մի կարևոր հանգամանք էլ կա` ֆինանսները։ Աստղագուշակության մեջ դրանք ներկայացված են «Յուպիտերով», իսկ Հայաստանի համար կազմված հորոսկոպում «Յուպիտերը» գտնվում է «Կույսի» նշանում։ Դա նրա ամենաթույլ դիրքն է։ Հետևապես, նյութական բարեկեցությունը Հայաստանում առանձնապես բարձր չի լինելու։ Մոլորակների շարժման հետ իրավիճակը կարող է փոխվել, բայց 30 տարուց ոչ շուտ։ Իսկ երկրի ծաղկման ժամանակաշրջանը կգա միայն 70 տարի հետո։ Ես շարունակ մտածում եմ, թե ինչու մենք «իմաստություն» ունեցանք ընտրելու հենց այդպիսի անհաջող պահ երկրի ծննդյան առումով։
-Դուք, իսկապես, սարսափելի բաներ եք ասում։ Բայց եթե մարդու ծննդյան ժամանակահատվածը նախանշված է, և շատ դժվար է փոխել ճակատագիրը, ապա պետության ստեղծումը կախված է անձերի կամքից և ենթակա է սրբագրման։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ երկրի հորոսկոպը կարող է փոփոխության ենթարկվել մարդկանց ցանկությամբ։
-Իհարկե, փոփոխության ենթակա է։ Դժվար է ամեն ինչ անել իդեալական, բայց միանգամայն հնարավոր է հասնել հորոսկոպի նշանների բարենպաստ դիրքի։ Ի՞նչ է պետք դրա համար անել։ Պետք է «նստել» նոր կետի վրա, այսինքն` փոխել երկրի ծննդյան ժամանակահատվածը։ Առաջին հայացքից անհնարին է թվում, բայց փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ մարդու կյանքում հնարավոր է փոխել ճակատագիրը, եթե փոխվում է անունը։ Երկրի հորոսկոպում կարելի է փոխել նրա հիմնադրման տարեթիվը, անվանումը, պետական խորհրդանիշները` հիմնը, դրոշը, զինանշանը և այլն։ Ի դեպ, երբ մենք ընդունեցինք առաջին հանրապետության խորհրդանիշները, կարծես այդ հանրապետության ճակատագիրը և աստղագուշակի հիմնական չափորոշիչները տեղափոխեցինք նոր պետության վրա։ Նշեմ մի հետաքրքիր հանգամանք. ռուսաստանցի իմ գործընկերների հետ զրույցի ժամանակ, որոնք զբաղվում են մունդաննական աստղագուշակությամբ, պարզվեց, որ նրանք նույնպես շատ դժգոհ էին իրենց երկրի հորոսկոպից։ Բայց այն բանից հետո, երբ Ռուսաստանում կրկին վերականգնվեց ԽՍՀՄ-ի հիմնը, իրավիճակը որոշ չափով կարգավորվեց։ ԽՍՀՄ-ի հզորությունը, որը մարմնավորված էր այդ հիմնի մեջ, ինչ-որ չափով տեղափոխվեց Ռուսաստանի վրա։ Ես տեղյակ եմ, որ Մոսկվայում իշխանությունների հետ կանոնավոր աշխատում է աստղագուշակների վերլուծական խումբ, և վստահ եմ, որ այդ փոփոխությունները կատարվել են ելնելով նրանց խորհուրդներից։
-Դուք, փաստորեն, առաջարկում եք հաստատված նորմերի հիմնավոր վերանայում։ Մինչդեռ ես վստահ եմ, որ այն մեր քաղաքական գործիչները լավագույն դեպքում կընդունեն անվստահությամբ, կամ ծիծաղ կառաջացնի։
-Ես չեմ պատրաստվում որևէ մեկին ինչ-որ բան համոզել։ Սակայն իմ գործնական փորձը, այլ աստղագուշակների և այս հնագույն մասնագիտության պատմական փորձը հուշում են, որ սրբագրում հնարավոր է։ Չեմ կարծում, թե սեպտեմբերի 21-ն այնքան նշանակալի օր է, որ հնարավոր չէ փոխել երկրի հիմնադրման այդ ամսաթիվը։ Այսպիսի փոփոխություններից վնաս չի լինի, իսկ որ օգուտ կլինի, վստահ եմ։ Այդ կապակցությամբ հիշեցի նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Նիլս Բորի հետ կապված մի պատմություն։ Նիլս Բորին դժվար է մեղադրել միստիցիզմի համար, սակայն մի անգամ նա ձիու պայտ է խփում իր դռան շեմին։ Նրա գործընկեր ֆիզիկոսներից մեկը հյուր է գալիս Բորին և, տեսնելով նրան այդպիսի տարօրինակ գործով զբաղված, հարցնում է. «Մի՞թե Դուք, այդպիսի խոշոր գիտնական լինելով, հավատում եք նման բաների»։ Բորը պատասխանում է. «Ես չեմ հավատում, բայց ասում են` պայտն օգնում է նույնիսկ այն ժամանակ, երբ դրան չես հավատում»։
-Որպես ամփոփում` ինչպիսի՞ն է Ձեր կանխատեսումը Հայաստանի վերաբերյալ 2009 թվականի հետ կապված։
-Շատ կարճ հնարավոր չէ պարզաբանել այդ ամենը։ Բայց ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, կկարողանանք հաղթահարել մեզ բաժին ընկած դժվարություններն այս բարդ, ճգնաժամային փուլում։ Կլինի որոշակի, կարելի է ասել, նույնիսկ լուրջ լարվածություն ապրիլի վերջին-մայիսի սկզբին։ Կլինեն լուրջ խնդիրներ նաև դրանից հետո, երբ կնշենք անկախության հերթական օրը, և այդ վիճակը կձգվի մինչև հոկտեմբերի 20-ը։ Բայց ես մեծ հույսեր ունեմ, որ բոլոր տհաճությունները, որոնք կլինեն գալիք տարվա ընթացքում, կառնչվեն ներիշխանական հարաբերություններին և չեն տարածվի ժողովրդի համար ավելի կարևոր ոլորտների վրա։ Ամենակարևորը, ես կցանկանայի, իբրև աստղագուշակ, մաղթել, որ ճակատագրական իրադարձությունները չունենան հատուկ ամրագրված ամսաթվեր, ինչպես մենք ենք ասում, աստղագուշակի կետեր։ Որպեսզի մենք ունենանք թեկուզ մեկ շաբաթվա տատանում ամսաթվերի միջև։ Այդ դեպքում կունենանք ընտրելու հնարավորություն։ Օրինակ, վերջին ընտրությունները արևի երկու խավարումների միջև էին, իսկ դա շատ տհաճ դասավորություն է, թեպետ դրանից շատ հեշտությամբ կարելի էր խուսափել։ Հասկանում եմ, որ շատերն այս ամենին թերահավատ վերաբերմունք կցուցաբերեն։ Թող ցուցաբերեն, բայց ժամկետների միջև տատանումն ապահովեն։
Զրուցեց Սոնա ՍԻՄՈՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3347

Մեկնաբանություններ